|
|
|
Գագիկ
Մխոյան (1950-2009) Բ.գ.դ., պրոֆեսոր,
ՀՀ վաստակավոր
բժիշկ Անէսթեզիոլոգների
և ինտենսիվ թերապևտների
հայկական միության
հիմնադիր և նախագահ
(1996-2009) Երևանի Մ. Հերացու
անվան պետական
բժշկական համալսարանի
անէսթեզիոլոգիայի
և ինտենսիվ թերապիայի
ամբիոնի վարիչ
(1999-2009) Էրեբունի
բժշկական կենտրոնի
անզգայացման
և ինտենսիվ թերապիայի
ծառայության
ղեկավար (1986-2009) ՀՀ առողջապահության
նախարարության
գլխավոր անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
(2004-2009) |
Գ.
Մխոյանը ծնվել
է 1950 թ., Երևանում:
1967թ. ավարտել է Երևանի
թիվ 74 միջնակարգ
դպրոցը, իսկ 1968-ին
ընդունվել Երևանի
պետական բժշկական
ինստիտուտի բուժական
ֆակուլտետը, որն
ավարտել է 1974-ին:
1974-75 թթ. անցել է ինտերնատուրա
Երևանի թիվ 2 կլինիկական
ծննդատանը:
Սկսած ուսանողական
տարիներից Գ. Մխոյանն իրեն
նվիրում է կլինիկական
բժշկության նոր
ստեղծվող և ամենադժվար
բնագավառներից
մեկին` անէսթեզիոլոգիային
և ռեանիմատոլոգիային:
Լինելով երրորդ
կուրսի ուսանող`
մինչև ինստիտուտն
ավարտելը, նա որպես
անէսթեզիստ
աշխատում է Երևանի
թիվ 2 կլինիկական
ծննդատանը: 1975թ. նա
որպես անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
անցնում է աշխատանքի
ԽՍՀՄ Համամիութենական
կլինիկական և փորձարարական
վիրաբուժության
գիտահետազոտական
ինստիտուտի (ՀԿՓՎԳՀԻ)
Երևանի մասնաճյուղում:
Ըստ արժանվույն
գնահատելով երիտասարդ
բժշկի մասնագիտական
հատկանիշները`
մասնաճյուղի ղեկավարությունը
1978թ-ին Գ. Մխոյանին
գործուղում է Մոսկվայի
ՀԿՓՎԳՀԻ-ի անէսթեզիոլոգիայի
և ռեանիմատոլոգիայի
բաժին կլինիկական
օրդինատուրայում,
ապա ասպիրանտուրայում
սովորելու համար:
1983թ.
թեկնածուական
թեզը հաջողությամբ
պաշտպանելուց
հետո Գ. Մխոյանը
վերադառնում է
Հայաստան և որպես
անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
շարունակում է
աշխատանքը ՀԿՓՎԳՀԻ-ի
Երևանի մասնաճյուղում:
1986-ից մինչև կյանքի
վերջը Գ. Մխոյանի
հետագա ողջ կլինիկական
գործունեությունը
կապված է Էրեբունի
բժշկական կենտրոնի
հետ, որտեղ նա աշխատում
է անէսթեզիոլոգիայի
բաժանմունքի վարիչ,
այնուհետև
անէսթեզիոլոգիայի
և ինտենսիվ թերապիայի
կլինիկայի ղեկավար:
1995թ.
Գ. Մխոյանը հաջողությամբ
պաշտպանում է դոկտորական
թեզը Էնդոգեն
թունավորումները
վիրաբուժական
հիվանդությունների
ժամանակ թեմայով,
իսկ 2003թ. նրան շնորհվում
է պրոֆեսորի կոչում:
1996թ. նրա ակտիվ նախաձեռնությամբ
վերածնվում է անէսթեզիոլոգների
և ռեանիմատոլոգների
միությունը, որի
նախագահ նա մնաց
մինչև կյանքի վերջը:
Նրա ջանքերի շնորհիվ
հանրապետությունում
կանոնավոր կերպով
կազմակերպվում
էին բազմաթիվ միջազգային
գիտաժողովներ
և համագումարներ,
իսկ նրա գլխավորած
միությունը դարձավ
Անէսթեզիոլոգիական
ընկերությունների
միջազգային ֆեդերացիայի
և Անէսթեզիոլոգիայի
եվրոպական ընկերության
անդամ, ինչն իր
էական ազդեցությունն
է ունենում մեր
հանրապետությունում
անէսթեզիոլոգիայի
և ինտենսիվ թերապիայի
զարգացման վրա:
2004 թ. պրոֆեսոր Գ.
Մխոյանը նշանակվում
է Հայաստանի Հանրապետության
առողջապահության
նախարարության
գլխավոր անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ:
2008 թ. նրան շնորհվում
է Հայաստանի Հանրապետության
վաստակավոր բժիշկ
պատվավոր կոչում:
Նա
շուրջ 160 գիտական
աշխատանքի, որոնցից
10 ձեռնարկի հեղինակ
է: Մեծ է Գ. Մխոյանի
ներդրումը նաև
գիտական կադրերի
պատրաստման գործում:
Նա 1 դոկտորական
և 8 թեկնածուական
թեզերի ղեկավար
էր:
Պրոֆեսոր
Մխոյանը անէսթեզիոլոգիայի
և ինտենսիվ թերապիայի
եվրոպական միությունների
անդամ էր և ակտիվ
միջազգային գործունեություն
էր ծավալել ի շահ
մեր մասնագիտության
զարգացման հանրապետությունում:
Ցավալի է, որ նման
բազմաբեղուն գործունեություն
ծավալած բժիշկն
ու գիտնականը անսպասելիորեն
իր մահկանացուն
կնքեց ստեղծագործական
բուռն գործունեության
փուլում` թողնելով
վառ հիշատակ գործընկերների,
աշակերտների և
նրան ճանաչողների
հուշերում: Գ. Մխոյանի անցած
կյանքի ճանապարհը
հանդիսանում է
հայրենիքին ծառայելու,
պատվի և բարության
իդեալներին նվիրվածության
վառ օրինակ։ Բարձր
արհեստավարժությամբ
օժտված բժշկի,
ուշադիր ուսուցչի
և խոշոր գիտնականի
մասին պայծառ հիշողությունը
մշտապես կմնա այս
հիանալի մարդուն
մոտիկից ճանաչողների
սրտում։
Նա
հավերժ մնաց մեր
հիշողություններում
ոչ միայն որպես
բժիշկ, գիտնական
և ուսուցիչ, այլ
պարզապես որպես
Մարդ՝ մեծ հոգու
տեր, ուժեղ, կենսախինդ։