Հիշատակի խոսք ...

 

 

 

 

Պրոֆ. Գ. Գ. Մխոյան

 

2009 թ. փետրվարի 16-ին Հայաստանի Հանրապետության բժշկական հանրությունը ծանր և անդառնալի կորուստ կրեց: Այդ ողբերգական օրը կյանքի 59-րդ տարում անժամանակ կյանքից հեռացավ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր անէսթեզիոլոգ և ռեանիմատոլոգ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ, անէսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների միության նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Գնունիի Մխոյանը:

Գ. Մխոյանը ծնվել է 1950 թ., Երևանում: 1967թ. ավարտել է Երևանի թիվ 74 միջնակարգ դպրոցը, իսկ 1968-ին ընդունվել Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, որն ավարտել է 1974-ին: 1974-75 թթ. անցել է ինտերնատուրա Երևանի թիվ 2 կլինիկական ծննդատանը:

Սկսած ուսանողական տարիներից Գ. Մխոյանն իրեն նվիրում է կլինիկական բժշկության նոր ստեղծվող և ամենադժվար բնագավառներից մեկին` անէսթեզիոլոգիային և ռեանիմատոլոգիային: Լինելով երրորդ կուրսի ուսանող` մինչև ինսիտուտն ավարտելը, նա որպես անէսթեզիստ աշխատում է Երևանի թիվ 2 կլինիկական ծննդատանը: 1975թ. նա որպես անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ անցնում է աշխատանքի ԽՍՀՄ Համամիութենական կլինիկական և փորձարարական վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի (ՀԿՓՎԳՀԻ) Երևանի մասնաճյուղում: Ըստ արժանվույն գնահատելով երիտասարդ բժշկի մասնագիտական հատկանիշները` մասնաճյուղի ղեկավարությունը 1978թ-ին Գ. Մխոյանին գործուղում է Մոսկվայի ՀԿՓՎԳՀԻ-ի անէսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի բաժին կլինիկական օրդինատուրայում, ապա ասպիրանտուրայում սովորելու համար:

1983թ. թեկնածուական թեզը հաջողությամբ պաշտպանելուց հետո Գ. Մխոյանը վերադառնում է Հայաստան և որպես անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ շարունակում է աշխատանքը ՀԿՓՎԳՀԻ-ի Երևանի մասնաճյուղում:

1986-ից մինչև կյանքի վերջը Գ. Մխոյանի հետագա ողջ կլինիկական գործունեությունը կապված է Էրեբունի բժշկական կենտրոնի հետ, որտեղ նա աշխատում է անէսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ, այնուհետև անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար:

1995թ. Գ. Մխոյանը հաջողությամբ պաշտպանում է դոկտորական թեզը Էնդոգեն թունավորումները վիրաբուժական հիվանդությունների ժամանակ թեմայով, իսկ 2003թ. նրան շնորհվում է պրոֆեսորի կոչում:

1996թ. նրա ակտիվ նախաձեռնությամբ վերածնվում է անէսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների միությունը, որի նախագահ նա մնաց մինչև կյանքի վերջը: Նրա ջանքերի շնորհիվ հանրապետությունում կանոնավոր կերպով կազմակերպվում էին բազմաթիվ միջազգային գիտաժողովներ և համագումարներ, իսկ նրա գլխավորած միությունը դարձավ Անէսթեզիոլոգիական ընկերությունների միջազգային ֆեդերացիայի և Անէսթեզիոլոգիայի եվրոպական ընկերության անդամ, ինչն իր էական ազդեցությունն է ունենում մեր հանրապետությունում անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի զարգացման վրա:

2004 թ. պրոֆեսոր Գ. Մխոյանը նշանակվում է առողջապահության նախարարության գլխավոր անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ: 2008 թ. նրան շնորհվում է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ պատվավոր կոչում:

Նա շուրջ 160 գիտական աշխատանքի, որոնցից 10 ձեռնարկի հեղինակ է: Մեծ է Գ. Մխոյանի ներդրումը նաև գիտական կադրերի պատրաստման գործում: Նա 1 դոկտորական և 8 թեկնածուական թեզերի ղեկավար էր:

Պրոֆեսոր Մխոյանը անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի եվրոպական միությունների անդամ էր և ակտիվ միջազգային գործունեություն էր ծավալել ի շահ մեր մասնագիտության զարգացման հանրապետությունում:

Ցավալի է, որ նման բազմաբեղուն գործունեություն ծավալած բժիշկն ու գիտնականը անսպասելիորեն իր մահկանացուն կնքեց ստեղծագործական բուռն գործունեության փուլում` թողնելով վառ հիշատակ գործընկերների, աշակերտների և նրան ճանաչողների հուշերում: Գ. Մխոյանի անցած կյանքի ճանապարհը հանդիսանում է հայրենիքին ծառայելու, պատվի և բարության իդեալներին նվիրվածության վառ օրինակ։ Բարձր արհեստավարժությամբ օժտված բժշկի, ուշադիր ուսուցչի և խոշոր գիտնականի մասին պայծառ հիշողությունը մշտապես կմնա այս հիանալի մարդուն մոտիկից ճանաչողների սրտում։

Նա մեզանից հեռացավ ոչ միայն որպես բժիշկ, գիտնական և ուսուցիչ, այլ պարզապես որպես Մարդ՝ մեծ հոգու տեր, ուժեղ, կենսախինդ։ Այդպիսին նա հավերժ կմնա մեր հիշողություններում։


 

Image result for home icon

Գլխավոր էջ